Կասկած չունեմ, որ Խաղաղության պայմանագիրը, եթե մենք հասնենք ստորագրման, այն ամբողջապես համապատասխանելու է ՀՀ շահերին: Այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով ընդդիմության քննադատությանը խաղաղության պայմանագրի մանրամասներին ծանոթանալուց հետո:

«Մեր ընկալմամբ Հայաստանի շահ հանդիսանում է այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը պաշտպանվի խաղաղության պայմանագրով, այս պահին Հայաստանը բանակցում է այդ հարցերի վերաբերյալ եւ մենք, համոզված եմ, որ առաջնըթաց ենք ունենալու այս ուղղությամբ: Կասկած չունեմ, որ Խաղաղության պայմանագիրը, եթե մենք հասնենք ստորագրման, այն ամբողջապես համապատասխանելու է ՀՀ շահերին: Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինի եւ մենք ստորագրենք այն»,- ասել է նա:

Արմեն Գրիգորյանը նշում է, որ Խաղաղության պայմանագրի նպատակն այն է, որ խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ բանակցությունների իմաստն այն է, որ կարողանան հասնել այդ խաղաղությանը:

«Խաղաղության պայմանագրի իմաստն այն է, որ երաշխիքներ ստեղծվեն եւ այդ երաշխիքները հայկական կողմի առաջարկներով ստեղծվում են: Այսինքն՝ բանակցությունների սեղանին այն ինչ կա եւ այն, ինչ Հայաստանը առաջարկել է, դրանով ստեղծվում է ՀՀ-ի համար անվտանգության երաշխիքներ»:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի քննադատությանը, թե Խաղաղության պայմանագրով Ադրբեջանը կապիտալիզացնում է ան, ինչին հասել է զենքի ուժով, Գրիգորյանը ասաց, որ Խաղաղության պայմանագիրը նրա մասին է, որ փորձեն համակեցություն ստեղծեն տարածաշրջանում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջե, եւ երկու երկրները տարածքային նկրտումներ չունենան միմյանց նկատմամբ:

ԱԽ քարտուղարը բացառեց որեւէ միջանցքի հարցի քննարկումը. «Չի կարող լինել որեւէ միջանցքի հարց, բացառվու է նման բան: Ադրբեջանցիները մեզ բանավոր խոսքերով վստահեցնում են, որ ընդունում են ՀՀ 4 սկզբունքները՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն եւ հավասարություն եւ մենք բանակցությունների ընթացքում կարձանագրենք այս 4 սկզբունքները»: