Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության իշխանությունները ձերբակալել են վեց զինվորի, ովքեր մեղադրվում են երկրի արևելքում զինված խմբավորումների հետ բախումների ժամանակ չորս խաղաղ բնակիչների սպանության մեջ, հայտնում է Reuters-ը։

Բախումները տեղի են ունեցել երկուշաբթի օրը Բենիի մոտ գտնվող Մանգինա գյուղական թաղամասում, ասվում է բանակի հաղորդագրության մեջ։

«Վեց ձերբակալված զինվորները բանակի կողմից մեղադրվում են իրենց լիազորությունները գերազանցելու և չորս քաղաքացիական անձանց ենթադրյալ սպանության մեջ»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։

Անվտանգությունը տարածաշրջանում վատթարացել է անցյալ ամսից, երբ նահանգային ժողովի անդամը երիտասարդներին կոչ արեց զենք վերցնել և բանակին դիմակայելու համար փոքր խմբավորում ստեղծել, ասվում է տեղական բանակի խոսնակ Էնթոնի Մվալուշայի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված պատգամավոր Ալեն Սիվակոն հերքում է դա։ Նա Reuters-ին հեռախոսով ասել է, որ մարտիկները Մանգինայից չեն, և որ բանակի խոսնակն իրեն մեղադրել է անձնական պատճառներով։

Երկուշաբթի օրը քաղաքը պարեկող զինվորները դարանակալվել են խմբավորման երիտասարդների կողմից և կրակ բացել խաղաղ բնակիչների վրա հաջորդած բախումների ժամանակ, ասվում է բանակի հայտարարության մեջ:

Reuters-ը քաղաքում հաշվել է յոթ քաղաքացիական դիակ։

Արեւելյան Կոնգոյում գործում են տասնյակ ռազմականացված խմբավորումներ, որոնցից մի քանիսը 1998-2003 թվականների քաղաքացիական պատերազմի մնացորդներ են։ Երկրում լարվածությունն աճում է այն բանից հետո, երբ նախագահ Ֆելիքս Ցիսեկեդին վերընտրվեց անցյալ ամիս վիճահարույց ընտրություններում: