Ճապոնական «Տակահամա» ԱԷԿ-ի (Ֆուկուի պրեֆեկտուրա) տուրբինային բաժանմունքի խողովակաշարերից մեկում տեղի է ունեցել գոլորշու արտահոսք։ Այս մասին հայտարարել է Kansai Electric Power էներգետիկական ընկերությունը։

Ընդգծվել է, որ կայանում կամ մերձակայքում ճառագայթման մակարդակի բարձրացում չի գրանցվել։ Նշվել է նաեւ, որ արտահոսքը ոչ մի ուղիղ ազդեցություն չի գործել կայանի աշխատանքի վրա։ Ներկայում էներգետիկական ընկերության մասնագետները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։

Ընկերության տվյալներով՝ տեխնիկական աշխատանքների ընթացքում կայանի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները կկրճատվեն 40 տոկոսով։

Մինչեւ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարը Ճապոնիայի էներգետիկ հաշվեկշռում ատոմային էներգետիկային բաժին էր ընկնում մոտ 30 տոկոսը։ Վթարից հետո հիմնական ծանրաբեռնվածությունն ընկավ ջերմակայանների վրա։ Էլեկտրաէներգիայի շուկայում լարված իրավիճակի պատճառով  Ճապոնիայի իշխանությունները ավելի մեծ ուշադրություն են հատկացնում «Ֆուկուսիմա-1»-ի վթարից հետո աշխատանքը դադարեցրած ռեակտորների վերագործարկմանը։ Ներկայում Ճապոնիայում մասամբ գործում է 17 ԱԷԿ-ներից 12-ը։