«Կոռուպցիայի վերացում», «կոռուպցիայի ոչնչացում» եւ այլ վերամբարձ մտքեր, որոնք հնչում են Հայաստանում, հաճելի չեն, քանի որ աշխարհում ոչ մի տեղ նման բանի հասնել առայժմ չի հաջողվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 30-ին ասել է «Transparency International»-ի հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Նա նշել է, որ 2018-ից հետո երկու տարվա ընթացքում Հայաստանում ընդունվել են օրենքներ եւ այլ նորմատիվ-իրավական ակտեր կոռուպցիայի ոլորտում, բայց հետագայում առաջընթացը այդ երեւույթի դեմ պայքարում կանգ է առել բարեփոխումների սահմանափակ իրականացման պատճառով։ Հոկտանյանն ավելացրել է, որ միայն օրենքների ընդունումը բավական չէ, դրանք պետք է կյանքի կոչել, իսկ դա համար անհրաժեշտ են ռեսուրսներ եւ քաղաքական կամք։ «Առանց շուկայի իրական ազատականացման, առանց իրական բազմակուսակցական քաղաքական համակարգի ձեւավորման, առանց ծայրահեղ սոցիալական բեւեռացման վերացման դժվար կլինի հասնել լուրջ առաջընթացի»,- ընդգծել է ՀԿ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ դա Հայաստանի կառավարության եւ նրա ղեկավարի խնդիրն է։ «Եթե ասվում է, որ յուրաքնաչյուր քայլի կաշառք են վերցնում, ապա որոշակի խմբերի դա շահավետ է։ Եվ մեղավոր է դրանում նաեւ կառավարող քաղաքական թիմը։ Հասարակությունը եւ ընդդիմությունն, իրենց հերթին, պետք է հետեւեն, թե ինչպես են իրականացվում բոլոր բարեփոխումները։ Այս աշխատանքը Հայաստանում նույնպես թույլ է կատարվում»,- ամփոփել է Վարուժան Հոկտանյանը։





























