Փետրվարի 11-ի երեկոյան Մյունխենում աջ ծայրահեղականության (Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցություն) դեմ ցույցին մասնակցել է 75 հազարից 100 հազար մարդ։ Այս տվյալները հայտնել է տեղի ոստիկանությունը՝ հավելելով, որ մթության մեջ մարդկանց հաշվելը դժվար է եղել։ Ըստ կազմակերպիչների՝ ցուցարարներն էլ ավելի շատ են եղել։

Բավարիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունեցել «Լույսերի ծովը հանուն ժողովրդավարության» հանրահավաքը։ Մասնակիցներին խնդրել են լուսավորել իրենց բջջային հեռախոսի էկրանները կամ օգտագործել լույսի այլ աղբյուրներ: Ոստիկանությունը նախօրոք կոչ է արել ցուցարարներին կրակ չօգտագործել։ Ոստիկանությունից հայտնում են, որ բողոքի ակցիան անցել է առանց միջադեպերի։

Գերմանիայում արդեն մեկ ամիս է, ինչ չեն հանդարտվում աջ ծայրահեղականության դեմ բողոքի ակցիաները, որը ներկայացնում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։ Դրանք բռնկվեցին այն բանից հետո, երբ հունվարի 10-ին զեկույց հրապարակվեց 2023 թվականի նոյեմբերին AfD-ի ֆունկցիոներների և նեոնացիստների միջև գաղտնի հանդիպման մասին: Ըստ հետաքննող լրագրողների՝ այս հանդիպմանը քննարկվել են «վերագաղթի» ծրագրեր՝ միգրացիոն արմատներ ունեցող միլիոնավոր օտարերկրացիների և Գերմանիայի քաղաքացիների՝ երկրից արտաքսման մասին:

Այդ ժամանակվանից ի վեր AfD-ի դեմ ցույցեր են տեղի ունեցել ողջ Գերմանիայում: Այսպես, հունվարի 21-ին միայն Բեռլինում փողոց է դուրս եկել մոտ 350 հազար մարդ, մինչդեռ անվտանգության նկատառումներով մայրաքաղաքի մի շարք մետրոյի կայարաններ փակվել են, որոշ կամուրջներ արգելափակվել են։ Մյունխենում նույն օրը, ակցիայի կազմակերպիչների տվյալներով, մինչև 250 հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել աջ ծայրահեղականության դեմ։

Այս գործողությունները հրապարակայնորեն հավանության արժանացան գերմանացի քաղաքական գործիչների կողմից և՛ տարածաշրջանային, և՛ դաշնային մակարդակներում: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր-Շտայնմայերը հայտարարել է, որ ցուցարարները պաշտպանում են «մեր հանրապետությունը և մեր սահմանադրությունը իրենց թշնամիներից»: Իսկ ներքին գործերի դաշնային նախարար Նենսի Ֆեսերը, Rheinische Post-ին տված հարցազրույցում, դա անվանել է «շատ հուսադրող նշան», որ հարյուր հազարավոր մարդիկ պատրաստ են «ակտիվորեն պայքարել հանուն ժողովրդավարության»։