Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չոնգը, ասել է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի այցը Փհենյան հնարավոր կլինի, եթե Տոկիոն հրաժարվի հակաարդյունավետ մոտեցումներից։ Նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA), փոխանցում է ТАСС-ը։

«Եթե Ճապոնիան հրաժարվի մեր ինքնապաշտպանության իրավունքից անարդար կերպով կառչելու վատ սովորությունից, եթե առևանգված քաղաքացիների` արդեն լուծված խնդիրը դադարի խոչընդոտ լինել երկկողմ հարաբերությունների հեռանկարների համար, ապա երկու երկրների մերձեցման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ Միգուցե կգա մի օր, երբ Ճապոնիայի վարչապետը կայցելի Փհենյան»,- ասել է Կիմ Յո Չոնգը։

Նրա խոսքով, սակայն, այս պահին ԿԺԴՀ-ի ղեկավարությունը մտադիր չէ բարելավել երկկողմ հարաբերությունները ԿԺԴՀ-ի և Ճապոնիայի միջև:

«Որքան գիտեմ, շփումների նկատմամբ հետաքրքրություն չկա։ Ապագայում մենք պետք է հետևենք վարչապետ Կիսիդայի իրական մտադրություններին: Բայց դա իմ անձնական կարծիքն է: Ես ի վիճակի չեմ գնահատելու ԿԺԴՀ-ի և Ճապոնիայի հարաբերությունները»,- ասել է Կիմ Չեն Ընի քույրը։