Միացյալ նահանգների պատմության մեջ նախկին նախագահի՝ Դոնալդ Թրամփի դեմ քրեական առաջին դատավարությունը կսկսվի մարտի 25-ին՝ երդվյալ ատենակալների ընտրությամբ, հայտնում է DW-ն։ Որոշումը կայացրել է Նյու Յորքի դատարանը փետրվարի 15-ին՝ մերժելով հետաձգման մասին Թրամի ներկայացրած խնդրանքը՝ պատճառաբանելով, որ դատավարությունը կարող է խանգարել նախընտրական քարոզարշավին։

Բացի այդ, Թրամփի փաստաբանները պնդել են, որ այս դատարանում դժվար թե ստացվի արդար դատավարություն անցկացնել՝ կասկած հայտնելով, որ երդվյալ ատենակալները կարող են անաչառ լինել։ Այս բոլոր պնդումները մերժվել են։ Սա չորս քրեական դատավարություններից առաջինն է, որոնք սպառնում են ԱՄՆ նախկին նախագահին և 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածուին։ Այս գործի շրջանակներում Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել ֆինանսական խարդախություն կատարելու կասկածանքով՝ նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին չվճարելու դրվագով: Նա պնդում էր, որ ինտիմ հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ 2006 թվականին, իսկ 2016 թվականի նախագահական ընտրություններից կարճ ժամանակ առաջ Դենիելսը Թրամփի փաստաբաններից լռության դիմաց ստացել է 130,000 դոլար։

Փետրվարի 6-ին Կոլումբիայի շրջանի դաշնային վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ Թրամփը 2020 թվականին Կապիտոլիումի գրոհի և նախագահական ընտրությունների արդյունքները տապալելու փորձերի հետ կապված քրեական մեղադրանքներով անձեռնմխելիություն չունի: Թրամփը պնդել է, որ իրեն չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ այն ժամանակ նա նախագահական անձեռնմխելիություն ուներ։ Սպասվում էր, որ այս գործով դատավարությունը կարող է սկսվել մարտի 4-ին, սակայն վերջնական որոշում դեռ պետք է կայացնի ԱՄՆ Գերագույն դատարանը։

Բացի այդ, Թրամփին դատավարություններ են սպառնում իր Մար-ա-Լագոյի կալվածքում գաղտնի պետական փաստաթղթեր պահելու և 2020 թվականին Ջորջիա նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները փոխելու փորձի կասկածանքով: