Ամերիկյան փոփ աստղ Լեդի Գագան 4 մրցանակ է ստացել MTV Music Awards-ում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում, որտեղ ամերիկացի 24-ամյա երգչուհին, որի իսկական անունը Սթեֆանի Ջերմանոտա է, ստացել է 6 մրցանակներից 4-ը:
Ժյուրին էքսցենտրիկ երգչուհուն հռչակել է տարվա լավագույն կատարող: Նա նաեւ «Լավագույն երգ» անվանակարգում է հաղթել` Born this Way երգի համար: Երգչուհին նաեւ հաղթել է «Երկրպագուների լավագույն աջակցությունը» անվանակարգում:
Լավագույն երգիչ է ճանաչվել կանադացի Ջասթին Բիբերը: Նա նաեւ ստացել է «Լավագույն փոփ վոկալ» մրցանակը եւ արժանացել է պարգեւավճարի: «Տարվա հայտնություն» անվանակարգի արձանիկը շնորհվել է Բրունո Մարսին: Linkin Park-ը տարվա լավագույն ռոք խումբ է ճանաչվել: Ամերիկացի ռեփեր Էմինեմը «Հիփ-հոփի լավագույն կատարող» է ճանաչվել: «Համաշխարհային պատկերակ» պատվավոր մրցանակին է արժանացել Queen խումբը` ի դեմս Բրայան Մեյի եւ Ռոջեր Թեյլորի:
Ինչպես հայտնում է BBC-ն, Լեդի Գագան միջոցառման ժամանակ կրկին ցնցել է հանդիսատեսին իր հագուստներով, որոնց մեջ հատկապես աչքի էին ընկնում արծաթե շորն ու արբանյակային ափսե հիշեցնող գլխարկը:




























