Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարութնան նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ո՞նց կարող են չվճարել, հակառակ դեպքում օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն:

Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում, չէ՞, այդ օդանավակայանի ճանապարհը ո՞վ է կառուցում, կառուցվում է վճարված հարկերի միջոցով, բա որ Հայաստանում աշխատողները ասեն՝ մի րոպե, մենք ինչի պետք է վճարենք, որպեսզի ճանապարհ կառուցվի այն մարդկանց համար, որոնք գնում են արտագնա աշխատանքի, ինչի պետք է մեր հաշվին գնան, թող հարկ վճարեն ու գնան։

Ասում են` Լոս Անջելեսում գնացել, համերգ ենք տվել…Որտեղի՞ց եք բա մեկնել Լոս Անջելես, ի՞նչ ճանապարհով եք գնացել…Դե, ուրեմն ՀՀ–ում աշխատած ու հարկ վճարածների հաշվին կառուցված, դեպի օդանավակայան տանող ճանապարհից մի օգտվեք. կողքի մերձդաշտյան ճանապարհներով գնացեք. հնձեք այդ եղեգները ու այդպես գնացեք, հասեք օդանավակայան։ Այս ի՞նչ վերաբերմունք է ընդհանրապես։ Ասել, թե Ամերիկայում եմ տոմս վաճառել, ես ինչո՞ւ պետք է այստեղ վճարեմ, անընդունելի է։ Եթե այդպես է, ապա պիտի ասենք` սիրելի հայրենակիցներ, այս ճանապարհները ձեզ համար չեն, գնացեք, Երևան հասնելու այլ ճանապարհ գտեք` Զանգուի ձորով, բնությունը, բնաշխարհը վայելելով, ոտ–ոտ եկեք, հասեք Երևան։ Գրոտեսկ եմ անում, սակայն խորքում դա է բովանդակություն»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք` 2018թ.-ի սեպտեմբերին ՊԵԿ–ը հայտարարել էր, որ Հայաստանում բավական բարձր վարձատրվող երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել, ինչը օրենքի պահանջ է։ Օրենքը նախատեսում է, որ շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվող երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն և այլ ներկայացուցիչներ պետք է պետական գրանցում ստանան, հաշվառվեն հարկային մարմնում, ինքնահայտարարագրեն սեփական եկամուտներն ու հարկեր վճարեն։