Նոյեմբերի 7-ը Հայաստանում գինու ազգային տոնն է, սակայն գործնականում այն որեւէ կերպ չի նշվում: Այդ մասին այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Տոնը սահմանվել է 4 տարի առաջ, սակայն գինեգործների միության նախագահը նույնիսկ չգիտեր, թե ում կողմից եւ ինչ նկատառումներով, ու ընդհանրապես` ինչպես դա պետք է նշվի:
Նշենք, որ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով նման տոն սահմանված չէ, այն կառավարության որոշմամբ սահմանվել է որպես մասնագիտական տոներից մեկը:
Ըստ Ա. Հարությունյանի` այս տոնը ֆրանսիական համանման տոնի անալոգն է: Ֆրանսիայում ամեն տարի նոյեմբերի 4-րդ շաբաթը նշվում է որպես նոր գինու ծննդյան օր:
«Մերոնք երեւի փորձեցին առաջ ընկնել, նոյեմբերի 7-ը ընտրեցին: Լավ օր է, քանի որ բոլորի մոտ առաջին գինին պատրաստ է, միակ թերությունը` համընկնում է կոմունիստական տոնի հետ»,- ասաց Ա, Հարությունյանը:
Նա չբացառեց, որ հաջորդ տարի գինեգործական գործարաններից մեկը (Պռոշյանի գինու գործարանը) Ազնավուրի հրապարկի շատրվանները լցնի գինով, ինչպես դա արվում է Իտալիայում:




























