Երեկ բանկից զանգել են այն մարդկանց, ովքեր արդեն վճարել էին տուրքը, գումարը վերադարձրել են, այսօր առավոտյան էլ այլ բան են ասում, ապակողմնորոշում են մեզ: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց օրեր առաջ Մարտունի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ցույցի մասնակիցներից մեկը:

Նա նշեց նաև, որ եթե Կառավարությունը որոշի հարկեր գանձել արտագնա աշխատանքի մեկնողներից, բողոքի ակցիաները շարունակվելու են, և այս անգամ ավելի շատ մարդ է ոտքի կանգնելու:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դժգոհություններին, որ կառավարությունը որոշել է հարկել «խոպանչիներին» հայտարարեց, որ 2018-ից մինչեւ այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել՝ միայն պետական ծրագրերով, և արտագնա աշխատանքի մեկնողներն այդ ճանապարհներով են օդանավակայան գնում, հետևաբար պետք է հարկ վճարեն:

«Կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ չեմ ուզում հարկ վճարել, չի լինելու այդպես, մենք՝ բոլորս պետք է հարկ վճարենք, այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի,-ասել է Նիլոլ Փաշինյանը:

Նա թվարկել է նաև  սուբվենցիոն ծրագրով Մարտունի համայնքում կատարված բոլոր աշխատանքները՝ հիվանդանոցներ, մանկապարտեզներ եւ այլն:

Հիշեցնենք, , որ երկու օր առաջ՝ փետրվարի 21-ին  Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում էին ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

Բողոքի ակցիան ավարտվեց և ճանապարհը բացվեց միայն այն ժամանակ, երբ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել: