2012 թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 303.7 մլրդ դրամ` 35.3 մլրդ դրամով (13 տոկոսով) ավելի, քան 2011 թ.: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում այսօր` նոյեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով` սոցիալական հատկացումների հայտը կառավարության կողմից ամբողջապես բավարարվել է: Ավելացումները, ըստ Ա. Գրիգորյանի, հիմնականում 2 ուղղությամբ է օգտագործվել` ընտանեկան նպաստների եւ կենսաթոշակների չափի մոտ 10 տոկոս ավելացում: Այսպես` ընտանեկան նպաստները ամսական 26 հազ. դրամից կհասնեն 29 հազ դրամի, իսկ միջին կենսաթոշակը` 28-ից 31 հազ. դրամ:
Ա. Գրիգորյանի խոսքով` 2012 թ. կեղծ թոշակներն ու նպաստները կբացառվեն` առցանց տեղեկատվական համակարգերի փոխկապակցման շնորհիվ; Այսպես` սոցիալական ապահովության տվյալների բազան առցանց կկապվի զագսի, սահմանային անցակետերի, Ազգային անվտանգության տեղեկատվական բազաների հետ: Այսինքն` մահվան դեպքում տվյալը ավտոմատ կփոխանցվի սոցիալական ապահովության տեղեկատվական բազային, որտեղ կկատարվեն ճշտումներ: Նույնը` երբ քաղաքացին մեկնում է հանրապետությունից, կամ վերադառնում:




























