Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կոչ է արել ԱՄՆ-ին շարունակել «ավելի վճռական» ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Sunday Times-ի համար հոդվածում Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի դաշնակիցները պետք է օգտագործեն ռուսաստանյան պատժամիջոցներից ստացված գումարները և ակտիվները՝ Ուկրաինայի պաշտպանությունը ֆինանսավորելու համար:
«Մենք երբեք չպետք է թերագնահատենք այն, ինչ Ամերիկան արել է Ուկրաինայի և եվրատլանտյան անվտանգության համար։ Ես կոչ եմ անում նրանց շարունակել այդ աջակցությունը, և ես վստահ եմ, որ նրանք դա կանեն: Մենք պետք է ավելի համարձակ լինենք մեր ռազմական աջակցության հարցում՝ Ուկրաինային տրամադրելով ավելի շատ հեռահար զենք, ավելի շատ անօդաչու սարքեր և ավելի շատ զինամթերք»,- գրել է Սունակը։
Ըստ նրա, արժե նաև «ավելի համարձակ լինել ռուսաստանյան ռազմական տնտեսությանը հարվածներ հասցնելու հարցում»։
«Մեր հավաքական պատժամիջոցները Ռուսաստանին զրկել են 400 միլիարդ ԱՄՆ դոլարից՝ իր պատերազմական ջանքերի համար, ինչը բավարար է ներխուժումը ևս չորս տարի ֆինանսավորելու համար», - նշել է նա:
Մեծ Բրիտանիան պարտավորվել է 245 միլիոն ֆունտ ստերլինգ ներդնել Ուկրաինայի համար հրետանային արկերի արտադրության մեջ և 8,5 միլիոն ֆունտ՝ հումանիտար ֆինանսավորման համար:





























