NEWS.am-ն արդեն անդրադարձել է Փափազյան 25 շենքում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ պատմությանը, երբ բնակարաններից մեկում գտել էին տվյալ շենքի բնակչուհի, ՌԴ քաղաքացի  69-ամյա Ռաիսա Իվանի Պոստոգովայի դին:

Ոստիկանության մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ պարզվել է մահվան պատճառը: Ռաիսա Պոստոգովայի մահը վրա է հասել կերոսինից առաջացած շնչահեղձությունից: Մեր աղբյուրը հայտնեց նաեւ, որ ըստ ամենայնի, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում քրեական գործ կհարուցվի, երբ ոստիկանությունը ստանա դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Կնոջ մահվան մեջ, հարեւանները կասկածում են նրա որդուն` 53-ամյա Էդիկին, ով հոգեկան խնդիրներ ունի: Նշենք, որ վերջինս ներկայումս գտնվում է հոգեբուժարանում, ուժեղացված հսկողության ներքո:

Ինչպես արդեն նշել էր NEWS.am-ը, 69-ամյա Ռաիսան ամուսնալուծված էր, ուներ մեկ որդի եւ մեկ դուստր: Նա ապրում էր որդու` 53-ամյա Էդիկի հետ, ով եւս ամուսնալուծված է կնոջից, ունի 3 երեխա` մեկ որդի, երկու դուստր:

Հարեւանների խոսքով` Էդիկը հոգեկան շեղումներ ուներ, մայրը երեք անգամ նրան ուղարկել էր հոգեբուժարան` բուժվելու: Նույնիսկ հարեւաններն էին բողոքում, «Շտապօգնություն» կանչում, նրան տանում հոգեբուժարան, սակայն այնտեղ, հարեւանների խոսքով, նրան չէին պահում, շուտ բաց էին թողնում: Որդին պարբերաբար ծեծում էր մորը, ահաբեկչում: «Խելացի գիժ էր, տան դուռը փակում էր, որ մայրը դուրս չգար, հեռախոսն էլ անջատում էր, որ ոչ մեկին չկարողանա զանգել»,- պատմեցին հարեւանները` հավելելով, որ Էդիկը նույնիսկ մի անգամ զանգել էր ոստիկանին` ասելով, թե «արի մամայիս մոտ մնա, ես գնամ հացի»:

Իսկ նոյեմբերի 5-ին հարեւանները ձայներ չեն լսել, միայն առավոտյան են իմացել, որ հարեւանուհին մահացել է, ինչն էլ հիմք էր տվել կարծելու, որ որդին կամ բարձով է խեղդել, կամ «սալյարկա» է խմեցրել մորը: Համենայն դեպս, հարեւանների ճշամրտացիությունն ապացուցվում է ոստիկանության հիմնական վարկածով: