ԱՄՆ կառավարությունը ոչ երկրային քաղաքակրթությունների գոյության եւ երկրաբնակների հետ նրանց հաղորդակցության պաշտոնական ապացույցներ չունի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը` պատասխանելով ամերիկացիների հարցերին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այս տարվա սեպտեմբերին Սպիտակ տունը իր կայքում հատուկ բաժին էր ստեղծել` «Մենք, ժողովուրդը», որը ամերիկացիներին հնարավորություն էր ընձեռում վարչակազմին հարցեր կամ պահանջներ ներկայացնելու: Ընդ որում, պատասխան տրվելու էր այն հարցերին, որոնց ԱՄՆ նվազագույնը 5 հազար քաղաքացիներ կմիանային:
Այլմոլորակայինների մասին հարցով միանգամից երկու քաղաքացի էին դիմել, որոնցից մեկն առաջարկել էր «պաշտոնապես ընդունել, որ այլմոլորակայինները հաղորդակցվել են մարդկային ցեղի հետ». առաջարկին 12 հազար մարդ էր միացել: Մյուսը պահանջել էր «իսկույն բացահայտել այն տեղեկատվությունը, որ կառավարությունը տեղյակ է այլմոլորակայինների գոյության մասին եւ կապվել է նրանց հետ». պահանջին միացել էր 5,4 հազար մարդ, գրում է NEWSru.com-ը:




























