Եվրոպայում քաղաքական կայունացումը  կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի համար: Այս մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է BNP Paribas  բանկի Եվրոպայի արժութային ռազմավարության բաժնի պետ Սթիվեն Սեյվելը:

Մեկնաբանելով ֆինանսական հոսքերի երրորդ փուլի հավանականությունը  (QE3) ԱՄՆ տնտեսությունում` ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից, փորձագետը նշեց, որ այդ քայլին, հավանաբար, հարկավոր է սպասել 2012 թվականին:

«Այնպես, ինչպես առաջին երկու փուլերի ընթացքում, QE3-ը կատալիզատոր կդառնա ԱՄՆ դոլարի թուլացման համար: Այդ հանգամանքներում դոլարի նկատմամբ առավելություն կտրվի Ասիայի զարգացող շուկաների արտարժույթին եւ ավստրալական, կանադական եւ նորզելանդական դոլարներին», - ասել է Ս. Սեյվելը: Նշենք, արտարժույթների փոխարժեքը  կախված է  այդ երկրներից արտահանվող հիմնական ապրանքների գներից. օրինակ, Կանադայում` հիմնականում նավթից եւ ալյումինից, Ավստրալիայում` ոսկուց եւ Նավթից, ինչպես նաեւ նավթամթերքից, Նոր Զելանդիայում որոշիչ է անտառային, կաթնային եւ մսամթերքի արտադրությունը:

Սեյվելը նաեւ նշեց, որ եթե համարենք, որ Եվրոպայում քաղաքական իրավիճակը կայունացել է, եվրոյի փոխարժեքը եւս կարող է դոլարի համեմատ շահեկան դիրքերում հայտնվել: Հիշեցնենք, անցած շաբաթ Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն համաձայնել էր Եվրոպայի 130 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության հարցի վերաբերյալ հանրաքվե չանցկացնել:

Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ սկսել է աճել հոկտեմբերի սկզբից եւ ներկայումս, ըստ Եվրոպայի կենտրոնական բանկի,  1.3742 մակարդակի վրա է գտնվում:

Հոսքերի երկրորդ փուլը (QE2), որը հայտարարվել էր 2010թ. նոյեմբերին, 600 մլրդ արժեքավոր պետական փաստաթղթերի գնում էր նախատեսում մինչեւ 2011թ. երկրորդ եռամսյակը: 2011թ. հունվարից մինչեւ հուլիսի  սկիզբը եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է` 1.2948 -ից 1.4488:

Ֆրանսիական BNP Paribas բանկը Եվրոպայի խոշորագույն բանկերից է: 2011թ. 9 ամիսների ընթացքում բանկի դրամաշրջանառությունը կազմել է 10 մլրդ, մաքուր եկամուտը` 514 մլն: