Հայկական ծագմամբ ամերիկացի երաժիշտ, ուդի լավագույն կատարողներից մեկը` Արա Դինքջյանն ասել է.  «Ես 2009 թվականից երեք անգամ համերգ եմ ունեցել Kardeş Türküler-ի հետ:

Ես ճանաչել եմ նրանց իբրեւ անհատականություններ եւ ավելի հստակ եմ հասկացել նրանց քաղաքական ուղերձը, բազմամշակութայնության, համբերատարության, հարգանքի եւ բազմազանության   ուղերձը: Այլ կերպ ասած, նրանք օգտագործում են երաժշտությունը, որպեսզի մեզ հիշեցնեն, որ մենք շատ ընդհանուր բաներ ունենք»:Ըստ թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ի, հաջորդ կիրակի Նյու Յորքի «Կաուֆման» կենտրոնի «Մերքին Հոլլ» դահլիճում Դինքջյանը նույն բեմում հանդես կգա ստամբուլյան Kardeş Türküler («Եղբայրության երգերը») խմբի հետ, որը պրոպագանդում է խաղաղ եղբայրության գաղափարը:

Համույթի կազմում ելույթ կունենա նաեւ Գրեմիի մրցանակակիր ստամբուլցի Արտո Թունջբոյաջյանը (հարվածային գործիքներ եւ վոկալ):Համերգին կներկայացվեն թուրքական, արաբական, ադրբեջանական, վրացական, գնչուական եւ հայկական երաժշտությունների համադրություններ: Համերգից ստացված շահույթը կտրամադրվի Վանի երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդին: