Թվային ֆոտոխցիկների արտադրության ոլորտում աշխարհի առաջատարներից մեկի` Olympus ընկերության շուրջ խոշոր սկանդալ է հասունացել, որի նմանը չի եղել ընկերության պատմության ողջ ընթացքում:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը, մենեջերները երկար տարիներ թաքցրել են ֆինանսական կորուստները, դրանք ներկայացնելով որպես օտարերկրյա հոլդինգներում ներդրումներ:
Ընկերության նախագահ Սուիտի Տակայաման ֆինանսական կորուստները թաքցնելու մեջ մեղադրել է նախկին նախագահ Ցուեսի Կիկուկավային, ինչպես նաեւ ընկերությունում աշխատած մի շարք այլ պաշտոնյաների, նշում է Reuters-ը:
Տակայամայի հայտարարություններից հետո, Olympus-ի բաժնետոմսերի գինն ընկել է 29 տոկոսով:
FundMarket-ը գրում է, որ կորպորացիան գիտակցաբար բարձր գներով գնել է օտարերկրյա ակտիվներ, դրա դիմաց գործընկերներից ստանալով հոնորարներ` խորհրդատվության համար, գործարքի 25 տոկոսի չափով:
Վնասը կարող է հասնել 1,3 մլրդ դոլարի: Olympus-ի նախագահը չի բացառում քրեական գործի հարուցումը, որի շրջանակներում, մեղադրյալները կարող են ազատազրկվել մինչեւ 10 տարով եւ վճարել 130 հազար դոլարի տուգանք:




























