Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել, որն զգացվել է նաեւ Հայաստանում, մասնավորապես Երեւանում:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 9-ի գիշերը, Երեւանի ժամանակով 02:05-ին: Էպիկենտրոնը գտնվել է 9,4 կմ խորության տակ, իսկ ուժգնությունը կազմել է 5,4 մագնիտուդ:
Վանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաեւ Երեւանում, մասնավորապես, Նոր Նորքի զանգվածում: Սա Վանի ավերիչ երկրաշարժից հետո գրանցված հետցնցումներից շարքում ամենաուժեղներից մեկն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 7-ին, Վանի նահանգում միանգամից 3 երկրաշարժ է գրանցվել: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` 4,7 եւ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Վանի Քարագյունդուզ գյուղում: Երկրաշարժերի հետեւանքով փլվել են հոկտեմբերի 23-ի երկրաշարժից հետո վթարային վիճակում հայտնված 2 շենքեր: Զոհեր կամ վիրավորներ չեն եղել:
Նշենք, որ 7,2 մագնիտուդով հզոր երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետեւանքով զոհվել է 604, վիրավորվել` 4000-ից ավել մարդ:
Նշենք, որ նոյեմբերի 8-ին եւս 4,4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել Վանի նահանգում, որի էպիկենտրոնը գտնվել է Վանի Քայմաքլը գյուղում: Գյուղապետը նշել է, թե նոր ցնցումը գյուղում խուճապ է առաջացրել` շեշտելով, որ հոկտեմբերի 23-ի ուժգին երկրաշարժի հետեւանքով բնակիչները վրաններում են ապրում, քանի որ բոլոր տները վթարային են դարձել:




























