Ոստիկանության Երեւանի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը հերքել է իրեն պաշտոնանկ անելու մասին խոսակցությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց. «Ես դեռ իմ տեղում եմ, աշխատում եմ»:
Հարցին, իսկ հնարավո՞ր է, որ վերադասավորումների ալիքն իրեն էլ հասնի, գեներալ-մայորը պատասխանեց. «Ես գուշակ չեմ: Ես այլ բան չգիտեմ, չեմ լսել երբեւիցե, եւ նման խոսակցություններ իմ հետ հետ չեն եղել»:
Հայաստանի նորանշանակ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը վերջին օրերին մեկ տասնյակից ավելի վերադասավորումներ է իրականացրել` շատ բարձրաստիճան ոստիկանների էլ պարզապես ազատելով աշխատանքից: Ներսես Նազարյանը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով այդ փոփոխությունները, ասաց. «Նախարարի հրամանները ես իրավունք չունեմ քննարկելու, բայց որպես պրոֆեսիոնալ ոստիկան նշեմ, որ նախարարը շատ պրոֆեսիոնալ է, եւ այն տեղերը, որտեղ հարմար է գտնեմ նշանակել ավելի բարձր պատրաստականություն ունեցող անձանց, դա իր իրավասությունն է եւ այդպես էլ պետք է լինի: Ինչպես նպատակահարմար գտնում է, դրանք այն ծառայություններն են, որոնք ուղիղ իր ենթակայության տակ են, եւ բոլոր նշանակումները որ արվել են, գիտակ մարդիկ են, եւ որեւէ արտառոց բան չկա: Իսկ ում էլ ազատել է, նշանակել է այլ տեղ: «Ջարդ հասկացողություն, որ գրում են, չկա նման բան»: Տեղափոխություններ են աշխատանքային: Իսկ ո՞վ է ասում, որ պետք է երկար մնան ու աշխատեն տվյալ տեղում»,- նշեց Երեւանի ոստիկանապետը:
Նազարյանի խոսքով, անգամ կադրերի ռեզերվ ուղարկվածներին արագ նոր պաշտոնի են նշանակում: «Ինքը տրամադրված չէ մարդկանց հանելու համակարգից: Շատ հանգիստ, նորմալ մթնոլորտում ամեն ինչ կատարվում է, եւ բոլորն էլ հասկանում են: Լարվածություն, սրվածություն չկա»,- ամփոփեց Ներսես Նազարյանը:




























