NEWS.am-ը ներկայացնում է հատված համաշխարհային ճանաչում ունեցող արտ-դիլլեր Լարի Գագոսյան մասին Պյեր դե Գասկեի հոդվածից` հրապարակված ֆրանսիական «Les Echos»-ում:
Մեծ կատվի նման նա կարող է երկար սպասել զոհին: Նրա մոխրագույն-երկաթյա աչքերը սեւեռված են աճուրդ վարողի վրա: Նրա արծաթաթույր մազերն ու աթլետիկ կազմվածքը ճանաչելի են առաջին հայացքից: Նա երբեք հեռու չի լինում իր ընկեր Խոսե Մուգրաբիից եւ իրանահայ դիլլեր Թոնի Շաֆրազիից: Լարի Գագոսյանը երբեք փոքր գործերի հետեւից չի ընկնում: Նա պաշտպանում եւ պահպանում է իր նկարիչների` Ռաուշենբերգի, Ջեֆ Կունսի, Դեմիեն Հերսթի, Սայ Տվոմբլիի, Տակաշի Մուրակամիի, նաեւ Պիկասոյի եւ Ուորհոլի գործերի վարկանիշը:
«Լարին լեգենդ է: Երբ ես ուսանող էի, գագաթին Լեո Կաստելին էր, եւ նա հանձնեց էստաֆետը», – ասում է ճապոնացի նկարիչ Տակաշի Մուրակամին, որը Ֆրանսուա Պինոյի աջակցությամբ Մեդիսոն-ավենյուում գտնվող «Գագոսյան» պատկերասրահում կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք 2011թ. մարտն Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների օգտին:
Գագոսյանի ցուցակում կան մոտ հարյուր նկարիչներ, որոնց գործերի գները 100% - 200% աճ են ունենում: էնդի Ուորհոլի օրինակին հետեւած գործարար նկարիչներ Դեմիեն Հերսթի, Ջեֆ Կունսի եւ Տակաշի Մուրակամիի համար Գագոսյանը ավելին է, քան դիլլեր. նա գործընկեր է:
Նրա կտրուկ ոճը եւ զուսպ խարիզման դուր է գալիս նաեւ Ուոլլ-սթրիթի բարոններին` «SAC Capital Partners»-ի ղեկավար Սթիվեն Կոենին կամ «Apollo Management»-ի հիմնադիր Լեոն Բլեքին, որոնք նրա մշտական հաճախորդներն են:
«Լարին ունի բացառիկ դիրք, որը չի ունեցել արվեստի պատմությունում ոչ մի դիլլեր: Նա մեծագույնն է երկրորդային շուկայում: Նա իսկական ռազմական մեքենա է», – ասում է ժամանակակից արվեստի ամենաակտիվ փորձագետներից մեկը` Ֆիլիպ Սեգալոն Նյու Յորքից:
Լարի Գագոսյանը հայ բրոքերի եւ դերասանուհու զավակ է, կարիերան սկսել է 1970-ականներին Կալիֆոռնիայի համալսարանի կամպուսում` վաճառելով էժան ցուցապաստառներ, որոնք գնում էր 2-3 դոլարով, դնում էր շրջանակի մեջ եւ վաճառում 15 դոլարով:
Նա իր առաջին պատկերասրահը բացել է 1979-ին Լոս Անջելեսում: Վեց տարի անց նա իր առաջին պատկերասրահը բացեց Նյու Յորքում:



























