NEWS.am-ը ներկայացնում է մի հատված ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի մասին Լարի Ռոխթերի հոդվածից` հրապարակված «The New York Times»-ում:

1956-ին «Columbia Records»-ի պրոդյուսերներից ու ղեկավարներից Ջորջ Ավագյանը հեռախոսազանգ ստացավ դասական երաժշտության կոմպոզիտոր Ալան Հովհաննեսից, որն ասաց. «Այստեղ է մի հրաշալի երաժիշտ Հնդկաստանից: Դու պետք է հանդիպես նրա հետ»: Մի քանի րոպե հետո Ավագյանի ընկեր Հովհաննեսը ներկայացրեց Ռավի Շանկարին:

Այդ հանդիպման արդյունքում Շանկարը մի քանի ալբոմ թողարկեց: Տասը տարիների ընթացքում Շանկարը սիթարի դասեր էր տալիս Ջորջ Հարիսոնին եւ նվագում էր Մոնտեռեյի երաժշտական փառատոնում: Նրա շնորհիվ ռոք եւ փոփ երաժիշտների մի ամբողջ սերունդ ներշնչանքի աղբյուր գտավ արեւելքում:

Այս տարի լրանում է Հովհաննեսի ծննդյան հարյուր տարին: Այդ կապակցությամբ «Delos Records»-ը թողարկել է «Ամերիկացի միստիկ. Ալան Հովհաննեսի երաժշտությունը» հուշասկավառակը նրա հիմնական նվագախմբային եւ կամերային ստեղծագործություններով: Սակայն Ավագյանի կարծիքով, Հովհաննեսի ժառանգության առավել կարեւոր մասը վերաբերում է փոփ երաժշտությանը, ջազին եւ «world music»-ին (աշխարհի կամ էթնիկ երաժշտություն):

Հովհաննեսը ծնվել է Բոստոնի մերձակայքում: Նա հայ հոր եւ շոտլանդացի մոր զավակ էր: Նա հենց սկզբից սիրում էր եվրոպական ավանդույթից դուրս երաժշտություն: Նրա առաջին շփումը Շանկարի հետ տեղի է ունեցել 1936-ին: Սակայն մանկությունից Հովհաննեսը խորասուզված էր Կոմիտասի աշխատանքների մեջ: 2000-ին մահացած Հովհաննեսն առանձին է ամերիկյան դասական երաժշտությունից:

«Ալանը չէր դիտարկում Արեւմտյան Եվրոպան որպես ներշնչանքի միակ աղբյուր: Նրան չէին հուզում միտումները, նա իր պատկերացումն ուներ երաժշտության մասին եւ պատասխանում էր սեփական ներքին ձայնին», – ասում է դիրիժոր Դենիս Ռասել Դեւիսը, որը Հովհաննեսի երաժշտությունը ներկայացնում էր սկզբում Բռուքլինի ֆիլարմոնիկ նվագախմբի եւ Ամերիկացի կոմպոզիտորների նվագախմբի երաժշտական ղեկավարի, այժմ Լինցի Բրուքներ-նվագախմբի ղեկավարի դերում:

Հայկական երաժշտությամբ տարվելուց հետո Հովհաննեսի նախասիրություններն ընդլայնվեցին: Նա 1959-1960թթ. ապրեց Հնդկաստանում, այնուհետեւ եղավ Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Չինաստանում եւ Կորեայում: Այդ բոլոր ազդեցությունները զգացվում են նրա երաժշտությունում: