Մաքսային ծառայությունը կարող է ավելի մեծ ուշադրություն դարձնել տեքստիլ ապրանքների ներմուծմանը, NEWS.am-ի թղթակցին ասել է  «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին:

Ըստ նրա` Թուրքիայից ներմուծված ապրանքի հետ մրցակցությունը բավական սուր է: «Շատ շնորհակալ կլինեի Մաքսային ծառայությանը, եթե հստակեցնեին այդ ներմուծման միջոցները: Մաքսային ձեւակերպման տարբեր ձեւեր կան, որոնք հանգամանքների որոշակի բերումով կարող են ավելի օրինական լինել մրցակից ներմուծողների համեմատ», – նշել է նա:

Հիշեցնենք, Թուրքիայից ներմուծվածը զգալի մաս է կազմում  ոչ միայն պատրաստի տրիկոտաժի ոլորտում, այլեւ տեղի արտադրողներին հումք մատակարարելու: «Մենք ինքներս միայն բամբակով ենք աշխատում եւ որպես հումքի աղբյուր հիմնականում օգտվում ենք թուրքական շուկայից. այնտեղից բերում ենք եւ բամբակ, եւ թել, եւ գործվածք: Հումքի որոշ մասը կարող է բերվել Միջին Ասիայից, բայց շուկայի մոտ 80%-ը կազմում է թուրքական բամբակը», - ասել է Ս. Բեկիրսկին: Ներկայումս ընկերությունը կենտրոնանում է մասնագիտացված շուկաների վրա, մասնավորապես` նորածինների հագուստի:

«Մենք ինքներս բամբակյա թել չենք արտադրում: Հայկական գործարաններից մեկը խնդիր է դրել արդյունաբերական մասշտաբներով տրիկոտաժի արտադրություն սկսել», -նշել է Ս. Բակիրսկին:

Խոսելով թուրքական ընկերությունների հետ կատարվող առեւտրի հեշտության մասին` նա, միեւնույն ժամանակ, ընդգծել է երկարաժամկետ պայմանագրեր կապելու դժվարությունը:

«Թուրքական կողմը հիմնականում մեզ ընդունում է իբրեւ կարճաժամկետ գործընկերների: Եթե անգամ երկարատեւ համագործակցություն է ձեւավորվում, ապա միայն անձնական կապերի շնորհիվ: Նրանք պատրաստ չեն գործարար ծրագրեր կազմելու, երկարատեւ պայմանագրեր կապելու: Իսկ անձնական կապերի հիման վրա կնքված  պայմանագիրը ձեւակերպումներով ամրագրված  եւ օրենքով պաշտպանված չէ»,-հստակեցրեց Բեկիրսկին:

Հիշեցնենք, 2010թ. «Տոսպ» ԲԲԸ-ի արտադրության ծավալը կազմել է 156 մլն դրամ (շուրջ 418 հազ. դոլար), արտահանման ծավալը`  33,5 մլն դրամ (շուրջ 90 հազ. դոլար): Հայաստանում տրիկոտաժի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 314,6 մլն դրամ (շուրջ 843 հազ դոլար):