Կովկասի մահմեդականների վարչության մասնաճյուղի ղեկավարը չի հավատում, որ Բաքվի իսլամական համալսարանի Շարիաթի ֆակուլտետի դեկան Ֆիրուդին Մամեդովն ինքնասպան է եղել: «Մենք չենք հավատում, որ Ֆիրուդին ինքնասպան է եղել»,-հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության մասնաճյուղի ղեկավարը, ով դեկան Ֆիրուդին Մամեդովի մտերիմներից մեկ է եղել, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:
Հիշեցնենք, որ Բաքվի իսլամական համալսարանի Շարիաթի ֆակուլտետի դեկան Ֆիրուդին Մամեդովը, նոյեմբերի 5-ին, ինքնասպան է եղել ընկերոջը` Մալիք Մեմեդովին պատկանող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ` կտրելով երակները: Դեպքից հետո Մամեդովին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: «Ամենայն հավանականությամբ, դեպքի հիմքում ընկած են լուրջ պատճառներ»,-եզրակացնում է «Ենի Մուսավաթը»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանություն հոդվածով, կատարվում է նախաքննություն:


























