Եվրամիությունն առաջ է մղում Եվրոպայում միլիարդավոր եվրոների հասնող ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու ծրագիրն Ուկրաինային զենքով և այլ միջոցներով ապահովելու համար: Այդ մասին «Аssociated Press»-ին հայտնել է եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյա:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այս շաբաթ  կանաչ լույս է ստացել ԵՄ շատ արտգործնախարարներից և հույս ունի, որ ԵՄ երկրների ղեկավարներն կաջակցեն իրեն Բրյուսելում հինգշաբթի կայանալիք գագաթնաժողովում:

Այս քայլը ձեռնարկվել է այն պահին, երբ Ուկրաինան զինամթերքի խիստ պակաս ունի, իսկ Կոնգրեսում զենքի համար նոր միջոցներ ստանալու ԱՄՆ ջանքերը փակուղի են մտել:

ԵՄ-ի կենտրոնական բանկերում պահվում են մոտ 200 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ, որոնց մեծ մասը սառեցվել է Բելգիայում՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուն ի պատասխան: Դաշինքի գնահականներով՝ այդ ակտիվներից ստացված տոկոսները կարող են տարեկան մոտ 3 միլիարդ եվրոյի եկամուտ ապահովել:

«Ռուսներն այնքան էլ գոհ չեն մնա: Տարեկան 3 միլիարդն արտառոց գումար չէ, բայց չնչին էլ չէ», -ասել է Բորելը:  

ԵՄ անդամ երկրների մի փոքր խումբ՝ մասանավորապես Հունգարիան, հրաժարվում է զենք մատակարարել Ուկրաինային, հետևաբար, գերշահույթը կիսվելու է: Գումարի մոտ 90 %-ը կուղղվի հատուկ հիմնադրամին, որը ԵՄ շատ երկրներ արդեն օգտագործում են որպես փոխհատուցում զենքի ու զինամթերքի մատակարարման համար:

Մնացած 10 %-ը կուղղվի ԵՄ բյուջե՝ Ուկրաինայի ռազմարդյունաբերությանն աջակցելու համար:

ԵՄ բյուջեն, ըստ դաշինքի պայմանագրերի փորձագիտական եզրակցության, չի կարող օգտագործվել զենքի գնման համար, սակայն Եվրոպական խաղաղության հիմնադրամ անունով հայտնի հատուկ հիմնադրամն աշխատում է բյուջեից դուրս և չի պահպանում ԵՄ խորհրդարանում հավանության արժանացած իրավական նորմերը:

Եվրոպայի Կենտրոնական բանկը չի խրախուսում ռուսական ակտիվների կալանքի մասին որոշումը, քանի որ դա կարող է խաթարել եվրոյի և ԵՄ շուկաների նկատմամբ վստահությունը, սակայն Բորելը հայտարարել է, որ ոչ մի ակտիվ չի բռնագրավվելու՝ բռնագանձվելու է այդ ակտիվներից  ստացված եկամուտը: Նա հավելել է, որ ԵՄ Կենտրոնական բանկի հետ այդ ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացվել: