Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Քնեսեթում հայտարարել է, որ երկրի բանակը (ՑԱԽԱԼ) Ռաֆահում ցամաքային գործողություն է իրականացնելու, և որ նախօրեին կայացած հեռախոսազրույցում այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:

«Ամերիկացիների հետ մենք տարաձայնություններ ունենք Ռաֆահ մտնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ ոչ թե «ՀԱՄԱՍ»-ը ոչնչացնելու, այլ Ռաֆահ մտնելու անհրաժեշտության հարցում: «ՀԱՄԱՍ»-ի գումարտակների մնացորդները չոչնչացնելու պարագայում խմբավորումը ռազմական ճանապարհով ոչնչացնելու ճանապարհ չենք տեսնում։ Նախագահին հստակ ակնարկել եմ, որ մենք լի ենք  Ռաֆահում այդ գումարտակները ոչնչացնելու վճռականությամբ: Այլ միջոց չենք տեսնում»,- ըստ Times of Israel-ի՝ ասել է Նեթանյահուն խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի հետ զրույցում:

Ըստ Նեթանյահուի՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են հումանիտար օգնության և քաղաքացիական բնակչության տարհանման հարցով ամերիկացիների գաղափարները փոխանցելու մեխանիզմների շուրջ։

«Մենք պետք է ավարտին հասցնենք «ՀԱՄԱՍ»-ի ռազմական ոչնչացումը: Դա այլընտրանք չունի, այդ հարցն անհնար է շրջանցել, չի կարելի ասել՝ «մենք կվերացնենք ՀԱՄԱՍ-ի 80%-ը», «մենք կվերացնենք ՀԱՄԱՍ-ի 20%-ը», որովհետև այդ 20%-ը կվերակազմավորվի ու հետ կխլի Գազան, և, իհարկե, նրանք դարձյալ սպառնալիք կդառնան Իսրայելի համար: Անշուշտ, դա հաղթանակ կլինի մեզ սպառնացող առավել լայն առանցքի՝ իրանական առանցքի նկատմամբ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Նա նաև խոստովանել է, որ Իսրայելը ռազմական պայքարից զատ նաև դիվանագիտական պայքար է մղում, որի ընթացքում մեծանում է ճնշումը Իսրայելի նկատմամբ: