Լիբիայի Անցումային ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին ղեկավար Մահմուդ Ջաբրիլը կարծում է, որ լիբիական նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին սպանելու հրամանը կարող էր դրսից տրվել, նրան գերի վերցնելուց հետո:

Ճիշտ է, նա տեղյակ չէ, թե հատկապես ով է տվել հրամանը, բայց Ջաբրիլին կասկածելի է թվում այն փաստը, որ Քադաֆիին որոշ ժամանակ ողջ են թողել, հետո հանկարծ որոշել են սպանել: Ամեն դեպքում, նա ենթադրում է, որ ինչ-որ մեկը խիստ վախենում էր, որ Քադաֆին կխոսի, հայտնում է «ՄԵՆԱ» գործակալությունը:

Ջաբրիլի կարծիքով, ավելի ճիշտ կլիներ Քադաֆիին ձերբակալելը, քանի որ նա լայն կապեր ուներ օտարերկրյա առաջնորդների հետ եւ «կարող էր շատ գաղտնիքներ  բացահայտել»:

Մուամար Քադաֆին սպանվել է հոկտեմբերի 20-ին Սիրտ քաղաքի շրջակայքում:

Վիրավոր Քադաֆիին բռնել էին ԱԱԽ Միսրաթայի  զինվորները: Նրանք երեք ժամ կտտանքների եւ անարգանքների էին ենթարկել նախկին առաջնորդին, այնուհետեւ սպանել: Առաջնորդի մարմինը համընդհանուր ցուցադրության էր դրվել Միսրատա քաղաքում:

Լիբիայի նոր իշխանությունները այդպես էլ Քադաֆիի հարազատ ցեղախմբին նրան հուղարկավորելու հնարավորություն չէին ընձեռել: Լիբիայի նախկին ղեկավարը հուղարկավորվել է անապատի գաղտնի մի վայրում: