Երեւանում, նոյեմբերի 9-ի երեկոյան տարադրամի փոխանակման կետի մոտ ավազակային հարձակման ենթարկված երկու քաղաքացիներն ի վիճակի չեն հաղորդում տալու, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, Կենտրոնականի բաժնում, նոյեմբերի 9-ին, հաղորդում էր ստացվել, որ Խանջյան փողոցում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19-ի սահմաններում ատրճանակներով զինված երկու անձինք Խանջյան փողոցի թիվ 37 շենքի առաջին հարկում գործող տարադրամի փոխանակման կետի դիմաց կրակել են 40-ամյա Ռուդիկ Զիրոյանի ուղղությամբ եւ նրանից գումար հափշտակելով` դիմել փախուստի: Հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ Զիրոյանին օգնության հասած 52-ամյա Լեւոն Ավետիսյանը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 2 գնդակ, 9 մմ տրամաչափի՝ 3 եւ անհայտ տրամաչափի 1 կրակված պարկուճ:
Վիրավորները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, եւ ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Նշանակվել են դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ըստ NEWS.am-ի տեղեկությունները, Զիրոյանը մարտունեցի է եւ շրջիկ գումար փոխանակող, ինչից կարելի է ենթադրել, որ հափշտակման պահին նրա մոտ մեծ գումար է եղել: Ամենայն հավանականությամբ, խոսքը 10 հազար դոլարի մասին է:
Ըստ նախնական տեղեկությունների, խոսքը 10 հազար դոլարի մասին է:
Նշենք, որ ավազակային հարձակում գործող անձանց հաջողվել է դիմել փախուստի:




























