Հայաստանի հանրապետական կուսակցությունն աշխատում է բոլոր ուղղություններով, իսկ մնացած կուսակցություններրը, մասնավորապես՝ ՀԱԿ-ը դեռ պասիվ են:  Այս մասին այսօր՝  նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ հավելելով, որ վերջին վերադասավորումները նախընտրական են:

Անդրադառնալով վերադասավորումներին, Տիգրան Կարապետյանը նշեց, որ դրանք, ըստ իշխանության տրամաբանության, պետք է արդյունք տան: «Նախագահները միշտ պարտվում են Երեւանում պարզ պատճառով, որ 5000-ները չեն օգնում: Օրինակ՝ քաղաքապետի նշանակումը որոշակի կապահովի Ավանի բնակչության ձայները: Որքան ես գիտեմ, մեր տվյալներով՝ Էդիկ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդուն ցանկանում են նշանակել փոխքաղաքապետ, որը եւ Մհերի փեսան է: Փաստորեն՝ Էրեբունի համայնքի ձայները նույնպես ապահովված են: Գագիկ Բեգլարյանն էլ Կենտրոն թաղամասի ձայները պետք է ապահովի»,-նշեց ԺԿ առաջնորդը: 

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են սիրաշահել երեւանցիներին եւ դրանով է պայմանավորված Տարոն Մարգարյանին՝ Երեւանի քաղաքապետ, եւ Վովա Գասպարյանին՝ ոստիկանապետ նշանակելը:  Նրա խոսքով, տարվում է որոշակի պայքար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ, «չեզոքացվում է Հովիկ Աբրահամյանի ռեսուրսը»:

Իշխանությունները, նրա խոսքով, կասկածում են բոլորին, դրա համար էլ Միքայել Մինասյանը գնում է շտաբ՝ վերահսկելու Հովիկ Աբրահամյանին: «Մեր դիրքորոշումն է մնալ այլընտրանք, եթե ժողովրդի զգալի մասը չի ընդունում իշխանավորին եւ չի ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանին, կարող է  ձայն տալ մեզ՝ որպես այլընտրանքային կուսակցություն»,- նշեց նա: Ի դեպ, Տիգրան Կարապետյանը մտադիր է առաջադրվել 2013թ նախագահական ընտրություններին: