Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը Հայ ազգային կոնգրեսի հոկտեմբերի 28-ի հանրահավաքին մասնակցելուց հետո մի փոքր հիասթափված է: Լրագրողների հետ այսօրվա` նոյեմբերի 10-ի հանդիպմանը նա նշեց, որ ի սկզբանե նախատեսված էր որ ինքը պետք է գնա ժողովրդին ասի, որ իրենց հետ է, ոչ թե ՀԱԿ-ի, բայց «ամբիոնից նույնիսկ չասացին, որ Տիգրան Կարապետյանը կանգնած է, միացել է ժողովրդին, որ չկարեւորեն անձը, որ ժողովուրդը հանկարծ ծափողջյուններ չբարձրացնի»:
«Ես տեսա շատ ու շատ ծանոթ դեմքեր, որոնք նաեւ մեր հանրահավաքներին են լինում: Փաստորեն մոլի մասսա չկա, կա մոլի թիմ: ՀԱԿ-ը պայքարում է եւ դա լավ է: Բայց ինձ դուր չեկավ այն, որ սցենար կար, օրինակ՝ ասում էին, թե դիմավորենք Աջափնյակ համայնքին ծափահարություններով»,- ասաց նա` հավելելով, որ իրեն դուր չեկավ նաեւ Հրանտ Բագատյանի ելույթը, որում նա քննադատում էր իշխանություններին, որ այնքան էլ ճիշտ չեն անում, ինչքան իրենք կանեին:
«Ինձ թվում է, որ իշխանության դեմ պայքարը պետք է լինի հանուն արդարության, ոչ թե հանուն սխալների: Եթե քննադատում են տնտեսական քայլերը, դա արդարությունից հեռանում է»,- նշեց ԺԿ առաջնորդը:
Նրա խոսքով` ընդդիմադիր ուժերը պետք է հասկանան, որ կորցնում են ժողովրդի վստահությունը` զատ-զատ լինելով: «Խնդիրը ժողովրդի կողքին լինելն է, պայքարել մաքուր: Իմ համար շեֆը իմ ժողովուրդն է, որին ես սիրում եմ, որի համար ես պայքարում եմ»,- ասաց Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ Ազատության հրապարակը պետք է կոչվի միասնության հրապարակ, եւ բոլոր ուժերը պետք է միանան: Նրա համոզմամբ` պետք է պայքարել ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն ժողովրդի բարեկեցության, իսկ ժողովուրդը չպետք է լինի պասիվ, այլապես կմնա պատանդ, ստրուկ:
Նշենք, որ իր նախորդ ասուլիսի ժամանակ ԺԿ առաջնորդը նշել էր, որ հոկտեմբերի 28-ին միանալու է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Նա մասնակցել է, բայց չի բարձրացել ամբիոն: Այսօրվա ասուլիսի ավարտին ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը նշեց, որ մտադիր է մասնակցել նաեւ ՀԱԿ-ի նոյեմբերի 28-ի հանրահավաքին:




























