Երեւանի շենքերի ամրացման խնդրի լուծման համար քննարկվում է մասնավոր ներդրումներ ներգրավելու հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով մասնակցել է Երեւանի սեյսմիկ ռիսկերի ուսումնասիրության միջանկյալ արդյունքների ներկայացմանը: Ուսումնասիրությունն իրականացնում է ճապոնացի փորձագետների խումբը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է տեղին ճապոնացիների փորձը Հայաստանի համար, Կամո Արեյանը խոստովանեց, որ իրավիճակն իրոք տարբեր է. մեր քաղաքը կառուցվել է խորհրդային չափանիշներով, դրանից հետո արդեն` ժամանակակից ստանդարտներով: Ինչ վերաբերում է փորձին, Կ. Արեյանը նշել է, որ ճապոնական փորձը հարուստ է, տեխնիկական հնարավորություններն ավելի մեծ են, արձագանքման պատրաստված համակարգ կա: Այս  առումով սովորելու բան կա, հավելել է Կամո Արեյանը: Նա նշեց, որ Հայաստանում սեյսմիկ ռիսկերի նվազեցման անհրաժեշտ գործողությունների ծրագիրն արդեն ներկայացված է:

Երեւանի բազմաբնակարան շենքերի ամրացումը առաջնային խնդիր է:

«Մեծ թվով 3-րդ, 4-րդ, 5-րդ աստիճանի վթարային շենքեր կան, հատկապես Աջափնյակ վարչական շրջանում: Այստեղ 4-րդ աստիճանի հասած վթարային շենքեր  կան:  Այդպիսի տները քանդման ենթակա են: Որոշ շենքերում քարերը թափվում են, ինչը անորակ երեսպատման ամրացման հետեւանք է:  Առաջարկում ենք փոխել երեսպատումը եւ հարցը համարել լուծված», - նշել է փոխքաղաքապետը:  Նա նաեւ ասել է, որ մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում եւս շենքերի ծերացման գործընթացը շարունակվում է, եւ դա համարժեք քայլեր է պահանջում:

Ըստ Կ. Արեյանի` առայժմ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու աշխատանքներ են կատարվել, ինչպես նաեւ 3-րդ աստիճանի 100-ից ավելի շենքեր են ամրացվել:

«Ամբողջ աշխատանքն ավարտին հասցնելու համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ: Խնդիրն առկա է, այն այնքան էլ սուր չէ, ինչպես երբեմն ներկայացվում է, սակայն կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում ապագայում խնդիրներ կարող են ծագել», - նշեց Կամո Արեյանը: Նա նաեւ հայտնեց, որ այս պահին ներդրման համար  անհրաժեշտ գումարի չափը հստակ հաշվարկված չէ: 

Փոխքաղաքապետը նաեւ ընդգծեց հանրային տեղեկացվածության մակարդակի բարձրացման, ճիշտ վարքի վերաբերյալ բնակչության գիտելիքների կարեւորությունը: «Նախորդ երկրաշարժերի դասերը վկայում են հանրայի տեղեկացվածության անհրաժեշտության մասին», - նշել է Կամո Արեյանը: