Հայաստանի ներքաղաքական իրադրությունը կարել է գնահատել նորմալ: Այդ մասին, նոյեմբերի 10-ի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ խմբակցության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Բնականաբար, մոտենում են խորհրդարանական ընտրությունները եւ քաղաքական ուժերը սկսում են աշխատել ավելի ինտենսիվ ձեւով, որը լարվածության տպավորություն է ստեղծում: Քաղաքական ուժերի ակտիվությունը ոչ մի ձեւ կապված չէ որեւէ բացառիկ իրադարձության հետ: Բոլոր քաղաքական ուժերն այնպես են տրամադրված, որ ավելի մեծ ընտրազանգված հավաքեն ընտրություններում: Հավասար պայմանների առկայության դեպքում «Բարգավաճ Հայաստանը» ավելի լայն ընտրազանգված կհավաքի»,-նշել է պատգամավորը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրազանգվածն ավելի կլինի, քան Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրազանգվածը, Բոստանջյանը պատասխանել է. «Ես չեմ ցանկանում որեւէ մեկի հետ զուգահեռներ անցկացնել»:

Բոստանջյանի խոսքով, քաղաքական ուժերի նպատակն է տեղ գրավել իշխանական օղակներում, իսկ ավելի հզոր քաղաքական ուժերի նպատակն է` վերցնել իշխանությունը: «Դա աքսիոմային նպատակ է, եւ պետք չէ այլ բան փնտրել: Քաղաքական շատ ուժեր մշտապես զբաղված են շտաբների ձեւավորմամբ, անկախ ընտրություններից: Տվյալ փուլում այդ աշխատանքները տարվում են ինտենսիվ կերպով: Երկրի բոլոր կառույցներում կան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կառույցները: Ինչ վերաբերվում է Կենտրոնական շտաբին, ապա դրա ձեւավորման վերաբերյալ խոսք անգամ չի եղել: Սակայն դրա հետ կապված խնդիրներ չեն առաջանա, քանի որ մենք փորձ ունենք»:

Պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հանրապետական կուսակցության օրինակով ամրապնդել իր դիրքերը` Բոստանջյանը հայտարարել է. «Որպես կանոն, իրենց քաղաքական դիրքրերն ամրապնդում են այն քաղաքական ուժերը, որոնք հասկանում են, որ դա պետք է իրենց: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը դա պետք չէ»: