Թուրք փրկարարները փլատակների տակից Ճապոնիայի երկու քաղաքացիների են հանել, որոնք Վան էին ժամանել հոկտեմբերի 23-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

«Փախստականների օգնության ասոցիացիա»  ՀԿ -ի աշխատակիցները («Association for Aid and Relief»)`32-ամյա Միյուկի Կոննայը եւ 41-ամյա Ացուսի  Միյաձակին նախորդ երկրաշարժից երեք օր անց եկել էին Թուրքիա` օգնելու տուժածներին եւ փախստականներին: Հոկտեմբերի 29-ից նրանք ապրել են «Բայրամ» հյուրանոցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնացիներին տեղափոխել են հիվանդանոց, Միյաձակիի վիճակը գնահատվում է ծանր, իսկ Կոննայը գլխի ոչ ծանր վնասվածք ունի:

Նոյեմբերի 10-ին Վան նահանգ է ժամանել ՀԿ-ի ղեկավարներից մեկը` իրավիճակը տեղում հստակեցնելու համար:

Հիշեցնենք, 5,7 մագնիտուդով հերթական ցնցումը Վանում գրանցվել է նոյեմբերի 9-ին, երեւանյան ժամանակով ժամը 23.23-ին:

Վանի հերթական երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7-ի: Փլատակների տակից 23 մարդ է դուրս բերվել: Այսպիսին են Թուրքիայի ԱԻ նախարարության տվյալները: