Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը: Փաստաբանը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի եւ Տիգրան Առաքելյանի նկատմամբ, եւ ազատ արձակել Առաքելյանին, ով ներկայումս գտնվում է անազատության մեջ:
Նշենք, որ նոյեմբերի 3-ին ՀՔԾ-ն ավարտել էր ՀԱԿ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ ուղարկել փաստաբանին` գործի նյութերին ծանոթանալու համար: Ստեփան Ոսկանյանն էլ միջնորդություն էր ներկայացրել: Մերժումը ստանալուց հետո նա այժմ պատրաստվում է Հատուկ քննչականի գործողությունները բողոքարկել գլխավոր դատախազությունում: Փաստաբանը նշել է, թե ՀՔԾ-ն առաջիկա օրերին գործը, հավանաբար կուղարկի դատարան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ միջադեպ էր եղել ոստիկանների եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ: Կարմիրբերետավորները ծեծել եւ բերման էին ենթարկել ՀԱԿ ակտիվիստներին, ապա խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք առաջադրել ՀԱԿ 7 ակտիվիստների նկատմամբ: Ներկայումս նրանցից վեցը ազատ ել արձակվել` քաղաքից չբացակայելու ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանը գտնվում է անազատության մեջ:




























