Չնայած սկանդալների շքերթին, Մոլդովայի Հանրապետության ղեկավարությունը մտադիր է Հայաստանի իր պատվիրատուին հանձնել զինամթերքի եւ սպառազինության մնացած մասը: Ինչպես հայտնում է MOLDNEWS-ը, այդ մասին Մոլդովայի խորհրդարանի ազգային անվտանգության, պաշտպանության եւ հանրային կարգի հանձնաժողովի լսումների արդյունքում հայտարարել է պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան:
Նա կոչ է արել պատգամավորներին հիմնվել «փաստերի եւ իրավական փաստաթղթերի», այլ ոչ «լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա»: Միեւնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ մոլդովական սպառազինության վաճառքի գործարքը կհասցվի ավարտին, քանի որ «չկա որեւէ իրավական փաստաթուղթ, որը կարգելեր դա»:
«Հուսով եմ, որ ամենակարճ ժամկետումպայմանագրի իրականացումը կշարունակվի: Այդ պայմանագրում կասկածելի կետեր չկան, եւ, կարծում եմ, մենք պետք է այն մինչեւ վերջ հասցնենք»,- ասել է Մարինուցան:
Միեւնույն ժամանակ նա հրաժարվել է նշել` արդյոք միջնորդը նույն լիտվական ընկերությունն է, որի արտոնագիրը մտադիր են ետ կանչել Լատվիայի իշխանությունները:




























