Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներում 1000 խոշորագույն ընկերությունների վճարումների տեսակարար կշիռը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին գերազանցել է 75,2 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 0,5 տոկոս: Այս փաստը կարելի տարբեր կերպ մեկնաբանել:

Մեր երկրում կա ստվերային տնտեսություն, իսկ համապատասխան պետական գերատեսչությունների խնդիրն է այդ ստվերը հարկային դաշտ բերելը: Սակայն պետբյուջեի հարկային եկամուտների դրական միտումները կապված են երկրի տնտեսության առողջացման հետ: Այդ իմաստով, պատահական չէ, որ երկրի խոշորագույն հարկատուի առաջատար դիրքը դարձյալ զբաղեցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հունվար-սեպտեմբերին վճարել է 22,6 միլիարդ դրամի հարկ, ինչը 1000 խոշորագույն հարկատուների ընդհանուր հարկերի 28,2 տոկոսն է: Անհամաչափությունը զգալի է: Մեծ է նաեւ առաջին ու վերջին տասնյակի հարկատուների վճարած հարկերի տարբերությունը` 204 անգամ: Նախկինում այդ տարբերությունը 222 անգամ էր:

Պետական բյուջեի եկամուտների ձեւավորման հարցում 1000 խոշորագույն հարկատուների դերը հասկանալու համար նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվերով աճել են 42,3 միլիարդ դրամ: 1000 խոշորագույնները նախորդ տարվա նույն ամիսների համեմատ վճարել են 34,3 միլիարդ դրամ ավելի: Խոշորագույններն ապահովել են բացարձակ աճի 81 տոկոսը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 13,7 միլիարդ դրամ ավելի է վճարել` ապահովելով աճի 1/3-րդը:

Կառավարությունը հավակնում է հաջորդ տարի հարկային եկամուտներն ավելացնել 100 միլիարդ դրամով: Այս հսկայական առաջընթացի աղբյուրների մասին առայժմ բացատրություն չկա: Կամ ստվերն է վերացվելու, կամ խոշորագույն հարկատուները պետք է տակից դուրս գան:

Ակնարկ է արվում, որ մտցվելու է շքեղության հարկ, իսկ որոշ վճարողների եկամտահարկը 20 տոկոսից կբարձրանա մինչեւ 25 տոկոս: Սակայն գոյություն ունի մի նրբություն: Խոշորագույն հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հարկ է վճարում օտարերկրյա գնորդների հաշվին, իսկ տեղական շուկայում աշխատող ընկերությունների ծանր հարկային բեռի մի մասն ընկնելու է ներքին սպառողների վրա: