Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովն առաջիկայում կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, գրում է ադրբեջանական «Ազագլըգ» թերթը` վկայակոչելով ներիշխանական իր աղբյուրները: Տեղեկության համաձայն, Զիյա Մամեդովի շրջապատն արդեն նրան վարչապետ է համարում: «Փաշաեւները հանգիստ են վերաբերվում այն հանգամանքին, տրանսպորտի նախարարը կարող է զբաղեցնել Արթուր Ռասիզադեի պաշտոնը, քանի որ դա կնպաստի իրենց դիրքերի ամրապնդմանը: Զիյա Մամեդովը կարծում է, որ այսուհետ Փաշաեւներն իր վրա կդնեն «ստավկան»,-գրում է թերթը:

Նշենք, որ վարչապետի պաշտոնին են հավակնում նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը, Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը եւ խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը:

«Զիյա Մամեդովը իր համար ամենալուրջ հակառակորդ է համարում Քեմալադին Հեյդարովին, սակայն նա կարծում է, որ «արտակարգ» նախարարը չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը, որովհետեւ 2013-ի առնչությամբ ներիշխանական օղակներում ընթացող պայքարում Հեյդարովը հայտնվել է Փաշաեւների ընդդիմադիր ճամբարում: Նախիջեւանյան կլանի առաջադար դեմքերից մեկը` Հեյդարովը դեմ է Փաշաեւների` 2013-ին նախագահի պաշտոնը վերցնելու ծրագրին: Մամեդովը իր համար հակառակորդ չի համարում խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովին, ով, չնայած սերտ հարաբերությունների մեջ է Փաշաեւների հետ: Տրանսպորտի նախարարը, այդուհանդերձ, կարծում է, որ Փաշաեւները առաջնայնությունը կտան իրեն` հաշվի առնելով կլանային պատկանելիությունը»,-հայտնում է «Ազագլըգը»:

Հայտնենք, որ Զիյա Մամեդովը պատկանում է Ադրբեջանի Քրդական խմբավորմանը, իսկ Օգթայ Ասադովը Շիրվանի խմբավորումից է, որ ավելի թույլ ազդեցություն ունի Ադրբեջանում, քանի Քրդականը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես, որ Իլհամ Ալիեւը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Մասնավորապես, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել է, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Ըստ էության, դա լրջորեն անհանգստացրել է նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներին (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւ, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարով եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով): Պատճառն այն է, որ նման պայմաններում Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը դառնում է շատ հավանական եւ իրականանալի: