Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը 2012թ. պետբյուջեի քվեարկության հարցում դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` միաժամանակ ավելացնելով, որ տվյալ պահին կուսակցությունն ընդհանուր առմամբ բացասաբար է տրամադրված նախագծի նկատմամբ:
«2011թ. բյուջեի հետ առանձնահատուկ տարբերություններ չկան, եթե չհաշվենք ծախսային մասին 41 մլրդ դրամի ավելացումը, որը կուղղվի կենսաթոշակների խղճուկ չափով ավելացմանը, իսկ 18 մլրդ դրամը, այսպես կոչված, սոցիալական փաթեթին»,- նշեց Մինասյանը` ընդգծելով, որ նախագիծն ընդհանուր առմամբ սոցիալ-տնտեսական ոլորտում էական առաջընթաց չի ենթադրում:
«Կարելի է ասել, որ այսօր բյուջեն ծառայում է որպես յուրօրինակ նպատակ, ոչ թե նոր նպատակների հասնելու միջոց»,-հայտարարեց պատգամավորը: Մինասյանի խոսքով` կուսակցությունը վերջնականապես չի որոշել, ինչպես է քվերակելու խորհրդարանում, սակայն կարելի է ասել, որ բյուջեին ՀՅԴ-ն, ընդհանուր առմամբ, բացասաբար է վերաբերվում, իսկ սոցիալական փաթեթին` դրական: «Այդ հասկացություններն անհրաժեշտ է սահմանազատել»,-եզրակացրեց զրուցակիցը:



























