Հայաստանի նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր թիմն է ձեւավորում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց նախկին ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ, ներկայումս Հայաստանի նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը` մեկնաբանելով վերջին օրերի պաշտոնանկությունները ոստիկանական համակարգում:
«Ես ոչ մի հարցի չեմ պատասխանի, ինձ մի ամիս հանգիստ թողեք, հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»,- նախ նշեց Ալիկ Սարգսյանը, իսկ երբ խնդրեցինք պատասխանել ընդամենը մեկ հարցի եւ մեկնաբանել փոփոխությունները ոստիկանական համակարգում, ասաց. «Նա իր թիմն է ձեւավորում: Թող ինքը որոշի, ինքն է միանձնյա որոշում կայացնողը: Հետագայում ինքը պետք է ցուցանիշներ ապահովի եւ պետք է աշխատի այդ թիմի հետ»:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 1-ի հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնից եւ նշանակվել Հայաuտանի նախագահի խորհրդական: Ոստիկանապետի պաշտոնում նշանակվել էր պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Վերջին օրերին նոր ոստիկանապետը բազմաթիվ մարդկանց ազատել է աշխատանքից եւ ուղարկել կադրերի ռեզերվ, նաեւ տեղափոխություններ իրականացրել:




























