«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, դեմ է քվեարկելու 2012-ի պետբյուջեի նախագծին: Այդ  մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները կարող էին եւ պարտավոր էին կազմել պետբյուջեի ավելի լավ նախագիծ, որը հնարավորություն կտար լուծելու մի շարք սոցիալական եւ տնտեսական սուր բնույթի խնդիրներ:

«Ինչպես ասել է իմ գործընկեր Արմեն Մարտիրոսյանը դա ուժեղ բյուջե չէ: Դա կարելի է բնութագրել որպես «Եղունգ ունես, գլուխդ քորիր», որը լավագույն ձեւակերպումն է»,-հայտարարել է պատգամավորը` պարզաբանելով, որ բյուջեի եկամուտների ավելացումը կատարվում է ոչ թե տնտեսության ստվերային մասի միջոցով, այլ հարկային բեռի ավելացման հաշվին, որն էլ նման որակման առիթ է տալիս:

Այդ առումով, «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, դեմ է քվեարկելու նախագծին: «Ինչպես կարելի է պաշտպանել պետբյուջեի նախագիծը, որ նախատեսում է նվազագույն աշխատավարձ 32500 դրամի չափով, երբ սպառողական զամբյուղի նվազագույն չափը կազմում է 65 հազար դրամ»,-եզրափակել է Ստեփան Սաֆարյանը: