Թեեւ մեր իրականությունում բարգավաճում են առեւտրի տարբեր տեսակի օբյեկտներ, սակայն մանրածախ առեւտրի առանցքը մնում է խանութը: Այս տարվա հունվար-սեպտեմբերին խանութների բաժինը մանրածախ առեւտրում հասել է 65,2 տոկոսի, ինչը 3,2 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Մայրաքաղաքի եւ մարզերի տարբերությունը հսկայական է: Խորհրդային տարիներին մայրաքաղաքում էր ապրում Հայաստանի բնակչության մոտ 1/3-րդը, իսկ մանրածախ առեւտրում Երեւանի մասնաբաժինը 40 տոկոս էր: Այն ժամանակվա իշխանությանն անհանգստացնում էր այդ աստիճան անհամաչափությունը:
Այժմ, շուկայական հարաբերությունների պայմաններում անհամաչափության խնդիրներն ավելի են սրվել: Հոկտեմբերի 1-ի դրությամբ Երեւանի բնակչությունը հասել է 1 միլիոն 125 հազարի, ինչը հանրապետության մշտական բնակչության 34,4 տոկոսն է: Հունվար-սեպտեմբեր ամիսներին մայրաքաղաքի խանութների շրջանառությունը կազմել է ընդհանուրի 86,2 տոկոսը: Սակայն անհրաժեշտ է մի վերապահում անել: Հաճախ մայրաքաղաքում ապրանքները գնվում են մարզերում վերավաճառելու նպատակով: Պաշտոնական վիճակագրությունն այդ մասին տվյալներ չունի:
Մայրաքաղաքում է կենտրոնացած երկրի առեւտրի, ավտոմեքենաների, կենցաղային տեխնիկայի եւ անհատական օգտագործման իրերի նորոգման մեջ զբաղված աշխատողների 79,2 տոկոսը:
Մայրաքաղաքում 10 հազար բնակչին բաժին է հասնում 79 խանութ, մարզերում` 20 միավոր: Մայրաքաղաքում են գտնվում երկրի խանութների 67,3 տոկոսը:
Այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ երկրի խանութների թիվն ավելացել է 599-ով կամ 4,8 տոկոսով: Սակայն խանութների աշխատողների թիվը կրճատվել է 414-ով:
Ժամանակակից փուլում պարենի մանրածախ առեւտրի կազմակերպման առաջավոր եղանակը սուպերմարկետն է: Այստեղ ընտրությունը մեծ է, գները` ցածր:
Խոսելով եվրոպական երկրների եւ հայաստանյան սուպերմարկետների տարբերության մասին` չի կարելի չնշել մեկ հանգամանք: Եվրոպայում առեւտրի սրահում գրեթե բացակայում են աշխատողներ: Գնորդին վստահում են եւ տրվում է ընտրություն կատարելու ազատություն, առանց նրա վրա ազդելու, իսկ հսկողության համար տեղադրված են տեսախցիկներ: Հայաստանում բազմաթիվ վաճառողուհիներ սեւեռուն հայացքով համբերությունից հանում են ապրանք ընտրող գնորդներին:
Սուպերմարկետների շրջանառությունը մեծանում է նաեւ կրպակների ապամոնտաժման գործընթացից հետո: Այս կապակցությամբ տեղին է հիշել, որ մոտ երկու տարի առաջ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը «Սթար» սուպերմարկետների ցանցին 7 տարով, արտոնյալ պայմաններով տրամադրեց 5,5 միլիոն դոլարի վարկ: Դրա 1,4 միլիոն դոլարն ուղղվեց ընկերության բաժնետիրական կապիտալի մեծացմանը:
ՎԶԵԲ-ի առաքելությունը միջին եւ մանր ձեռնարկատիրության զարգացումն է, սակայն տվյալ դեպքում բանկը նպաստեց խոշոր բիզնեսի բարգավաճմանը: Մայրաքաղաքում առեւտրի խոշոր օբյեկտները կազմում են ընդհանուր խանութների 58,6 տոկոսը: Մարզերում այդ ցուցանիշը 13,2 տոկոս է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Երեւանում գործում է 8843 խանութ, սակայն խանութների շրջանառության կեսից ավելին բաժին է հասնում 131 խոշոր օբյեկտների:



























