Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է եվրոգոտու հնարավոր վերակազմակերպման եւ որոշ երկրների ազգային արժույթին վերադարձնելու մասին լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը: Մերկելը հայտնել է, որ Գերմանիան մեկ նպատակ ունի` կայունացնել եվրոգոտու իրավիճակը, հայտնում է Deutsche Welle-ն:

Նա հավելել է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե բավարար ջանքեր գործադրվեն հրատապ բարեփոխումներ անցկացնելու համար:Բեռլինում գտնվող Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն եւս զգուշանում է  եվրոգոտու ԵՄ 17 երկրների եւ դրանում չընդգրկված եւս տասը պետությունների պառակտումից: Նա նշել է, որ Եվրոպական Միությունը եւ ընդհանուր արժույթը` եվրոն, անբաժանելի հասկացություններ են եւ ընդգծել է, որ պառակտված Եվրամիությունը կդադարի գործող կառույց լինելուց: Հիշեցնենք, նախօրեին լրատվամիջոցները լուր էին տարածել, որ Ֆրանսիան եւ Գերմանիան խորհրդակցում են եվրոգոտու վերակազմակերպման շուրջ:

Նշվում էր, որ եվրոպական ընդհանուր արժույթի գոտին կարող է լքել ոչ միայն Հունաստանը, այլեւ բյուջետային տնտեսում չունեցող այլ երկրներ:Միեւնույն ժամանակ, Հունաստանի նոր վարչապետ Լուկաս Պապադիմոսը հայտարարել է, որ Հունաստանը մտադիր չէ հեռանալ եվրոգոտուց: