Մեքսիկայում ձերբակալել են խոշոր թմրավաճառներից մեկին` Օվիդիո Լիմոն-Սանչեսին, ով «Սինալոա» կարտելի պարագլուխներից է:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նրա պարտականությունների մեջ էր մտնում կոկաինի առաքումը Մեքսիկայից Կալիֆոռնիա եւ գումարների հետադարձ փոխանցումը:

Մեքսիկական բանակի ներկայացուցիչները կարծում են, որ Սանչեսի ձերբակալությունը, ընդ որում առանց մեկ կրակոցի, շոշափելի հարված է «Սինալոա» կարտելին:

ԱՄՆ-ում Սանչեսի համար 5 միլիոն դոլար գլխագին էր սահմանվել:

«Սինալոա» կարտելը, որ հիմնվել է 1989թ., խոշորագույն կազմակերպությունն է, որ թմրանյութ է առաքում Մեքսիկայից ԱՄՆ: 2011թ. Forbes-ը կարտելի պարագլուխ Խոակին «Էլ Չապո» Գուզմանին ճանաչել է աշխարհի ամենահետախուզվող հանցագործ: