Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 10-ին, այցելել է Բեռն քաղաք եւ Շվեյցարիայի խորհրդարանում հանդիպում ունեցել այդ երկրի կարեւորագույն կուսակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորների հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին կյանքին, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ ամուր կապերի հաստատման մեջ եւ այս համատեքստում կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ ԼՂՀ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Շվեյցարիայի փորձը գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներում: Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է Շվեյցարիայի հետ համագործակցության նշանակությունը ժողովրդավարության` հատկապես տեղական ինքնակառավարման ինստիտուտի զարգացման գործում:
Երկուստեք կարեւորվել է երկկողմ կապերի խորացումը եւ այս ուղղությամբ փոծգործակցության կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, Հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը, պաշտոնատար այլ անձինք:




























