Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 11-ին, ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենինին եւ նշել, որ Հայաստան-ԵՄ համակողմանի համագործակցության ընդլայնումը մշտապես հանդիսացել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից: Նրա խոսքով, վերջին շրջանում երկկողմ փոխայցելությունների եւ հանդիպումների ակնառու հաճախակիությունը դրա վկայություններից են:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր` անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա փուլին, «Եվրանեսթի» շրջանակներում փոխգործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիան Վիգենինը ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության դերակատարությունը` նշելով որ այն երկխոսության եւ փոխըմբռնման համար արդյունավետ հարթակ է հանդիսանում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: