Քրդերի կողմից առեւանգված թուրքական լաստանավի վառելիքը վերջացել է, եւ այն խարիսխ է գցել ափամերձ Սիլիվրի քաղաքից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա`Ստամբուլից ոչ հեռու, հայտնում է Associated Press-ը:
Առեւանգողները պարեն եւ վառելիք են պահանջել: Նրանց մտադրությունների մասին ճշգրիտ տվյալներ չկան, սակայն ենթադրություններ կան, որ լաստանավն ուղեւորվում էր Իմրալի կղզի, որտեղի բանտում ցմահ բանտարկությունն է կրում քուրդ զինյալների առաջնորդ Աբդուլահ Օջալանը: Այս կապակցությամբ Իմրալիում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել:
Լաստանավում կան անձնակազմի 4 անդամներ, 4 ստաժորներ եւ 18 ուղեւորներ, այդ թվում `4 կին: Թուրքական իշխանությունները հայտնում են, որ ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Առեւանգողների ճշգրիտ թիվը եւս հայտնի չէ: Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ դավադիրների թիվը չորս կամ հինգ է, եւ նրանք գործում են Քրդական բանվորական կուսակցության անունից:

























