Թուրքիայի անվտանգության ուժերը ազատագրել են Մարմարի ծովում երեկ երեկոյան առեւանգված լաստանավը: Պարզվեց, որ լաստանավն առեւանգել է զինյալներից մեկը, եւ  հատուկ ծառայությունները նրան չեզոքացրել են:Այս մասին, ինչպես տեղեկացնում Reuters-ը, ասել է Ստամբուլի նահանգապետ  Հուսեյն Ավնի Մութլուն:

Գրավված լաստանավում, ըստ ճշտված տվյալների, 20 ուղեւոր է եղել: «Կարտեպե» լաստանավը, որը  Ստամբուլի արվարձան Իզմիթից ուղեւորվել էր Մարմարի ծովի ափամերձ Կարամյուրեսլ քաղաք, առեւանգվել էր ուրբաթ օրը, տեղի ժամանակով ժամը 17.45-ին:

Հաղորդվել էր, որ լաստանավն առեւանգել են թուրք զինյալները, եւ նրանք մտադիր են գնալ Իմրալի կղզի, որտեղ պահվում է Օջալանը: 

Ավելի ուշ տեղեկություններ էին ստացվել, որ լաստանավը խարիսխ է գցել ափամերձ Սիլիվրի քաղաքից մոտ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա` Ստամբուլից ոչ հեռու, քանի որ վառելիքը վերջացել է: