ԵԱՀԿ Մինսկի խումբն արել է այն, ինչ պետք է աներ` դադարեցրել է արյունահեղությունը, սակայն, ցավոք, ավելին անել նրան չի հաջողվել: Այդ մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, Սանկտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն:

«Հիմա կարելի է արձանագրել այն փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ-ն փաստացի զբաղվում է սառեցված հակամարտություններով` չցանկանալով հետագա կարգավորում: Դա նաեւ պայմանավորված է  նրանով, որ որոշակի միջազգային ուժեր, օրինակ, Եվրամիությունը,  նույնպես  որեւէ ակտիվացում չեն ցանկանում Հարավային Կովկասում: Այդ իսկ պատճառով էլ ասում եմ, որ ղարաբաղյան համակարտության, ինչպես նաեւ Կովկասի խնդիրների լուծումն ընդհանուր առմամբ,  պետք է տեղափոխվեն տարածաշրջանային մակարդակ,  այսինքն` առաջին հերթին Ռուսաստանի եւ Թուրքիայի քննարկման ներքո»,- նշեց Սոտնիչենկոն:

Այն հարցին, թե այսպիսով  առաջարկում է հրաժարվել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությունից, քաղաքագետն ասել է. «Այո, կարծում եմ այդ միջնորդները տարածաշրջանից շատ հեռու են, եւ ընդհանուր առմամբ զբաղված են իրենց շահերը պաշտպանելով, քան հակամարտության լուծմամբ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը նրանց անվտանգությանը երբեք չի սպառնացել եւ չի սպառնա»: