Թուրքական Վան նահանգում կրկնված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի: Նոյեմբերի 12-ի առավոտյան փրկարարական աշխատանքները դադարեցվել են, հայտնում է CNN-Turk-ը:
Հիշեցնենք, որ գիշերը չորսհարկանի «Բայրամ» հյուրանոցի փլատակների տակից հանել էին լրատվական Dogan գործակալության երկու թղթակիցների մարմինները:
Թուրքական Վան նահանգում նոյեմբերի 9-ին 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Դրա հետեւանքով 25 շենքեր են փլվել, այդ թվում` երկու հյուրանոց: Ամենաշատ մարդիկ զոհվել են «Բայրամ» հյուրանոցի փլուզման հետեւանքով: Այնտեղ հիմնականում Կարմիր կիսալուսնի ներկայացուցիչներ, լրագրողներ եւ բժիշկներ էին, ովքեր Վան էին ժամանել առաջին ավերիչ երկրաշարժից հետո:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած առաջին ավերիչ երկրաշարժի հետեւանքով 600-ից ավելի մարդ է զոհվել:



























