Արաբական պետությունների լիգան նոյեմբերի 16-ին Սիրիայի իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստ կգումարի: Այս մասին հաղորդել է Ալժիրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Սիրիան պատրաստ է մոտակա երեք օրերին ընդունել Արաբական պետությունների լիգայի նախարարական հանձնաժողովին, որը կազմված է դիտորդներից, ռազմական եւ քաղաքացիական փորձագետներից եւ արաբական լրատվամիջոցների ներկայացուցիչներից: Հանձնաժողովի նպատակը Սիրիայի իրավիճակին ծանոթանալն է եւ երկրի իշխանությունների հետ համատեղ արաբական նախաձեռնության իրականացման վերահսկումը, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը` երկրում չդադարող բռնությունների պատճառով:Նոյեմբերի 13-ին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները զանգվածային բողոքի ցույցի էին դուրս եկել այդ որոշման դեմ: Դամասկոսը պահանջել էր «անհապաղ Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթաժողով հրավիրել` երկրում ճգնաժամը հաղթահարելու ուղիներ մշակելու համար»:
Սիրիայում գործող իշխանությունների դեմ ուղղված բողոքի զանգվածային ցույցերը սկսել են 2011թ. մարտին: Ընդդիմադիրները պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, բայց կառավարությունը կոշտ միջոցներ է կիրառում ցուցարարների դեմ: ՄԱԿ-ի գնահատականով` ցույցերի սկզբից մինչ օրս նվազագույնը 3500 մարդ է զոհվել:




























